Իսրայելը չի բացառել ուժի կիրառումը Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները՝ պատրաստ են օգտագործելու ռազմական լծակներ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կասեցնելու համար։ Այս մասին Նեթանյահուն ասել է Sky News-ին տված հարցազրույցում:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իրանը բացահայտորեն հետամուտ է Հոլոքոստի կրկնությանը և վեց կամ յոթ միլիոն հրեաների ոչնչացմանն Իսրայելում: Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել և ոչինչ չանել և նրանց թույլ տալ դա անել: Ես չեմ կարծում, որ դիվանագիտությունն ինքնին կաշխատի: Կարծում եմ, որ դիվանագիտությունը կարող է աշխատել միայն իրական ռազմական սպառնալիքի կամ ռազմական տարբերակի դիմելու պատրաստակամության հետ զուգակցմամբ, եթե զսպումն անհրաժեշտ արդյունքներ չտա: Մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք մեզ պաշտպանելու համար, բայց ես մանրամասներ չեմ հայտնի՛՛։
Իսրայելի նախագահը նաև հույս է հայտնել, որ շուտով կկարգավորվեն Սաուդյան Արաբիայի հետ Իսրայելի հարաբերությունները:
՛՛Մենք հիանալի հնարավորություններ ունենք մեր տարածաշրջանում առաջ տանելու խաղաղությունը, մեր երկու երկրների միջև խաղաղությունը, մեր ժողովուրդների բարեկեցությունը: Կարծում եմ, որ սա կփոխի պատմությունը: Մենք արդեն պատմական քայլ ենք կատարել՝ ստորագրելով չորս հաշտության պայմանագրեր, որոնք իմ ղեկավարությամբ Իսրայելը կնքել է ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ՛՛,-նշել է Նեթանյահուն: