չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իսրայելում Ռուսաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են կապերի ամրապնդման հեռանկարները

Իսրայելում Ռուսաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են կապերի ամրապնդման հեռանկարները

Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը եւ Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման հեռանկարները, հայտնել է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հազորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. ՛՛Մտքերի բարեկամական փոխանակության ընթացքում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության արդիական հարցերին։ Մասնավորապես՝ քննարկվել են Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման, երկկողմ տնտեսական եւ հումանիտար կապերի ընդլայնման, ինչպես նաեւ մերձավորարեւելյան կարգավորման հիմնախնդիրները՛՛:

Նշվում է նաեւ, որ զրույցի ընթացքում Վիկտորովը եւ Մամեդովը հաստատել են ՛՛երկու երկրների միջեւ դաշնակցային փոխգործակցության հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու փոխադարձ տրամադրվածություն՛՛: ՛՛Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՛՛,-հայտնել են Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից:

  • Կիսվել: