երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել հասարակությունը պառակտող դատական համակարգի բարեփոխումներին

Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել հասարակությունը պառակտող դատական համակարգի բարեփոխումներին

Իսրայելի խորհրդարանը քվեարկության վերջին փուլում ընդունել է դատաիրավական բարեփոխումը, որը պառակտել է երկիրը և, ըստ նախագահ Իցհակ Հերցոգի, գցել արտակարգ դրության մեջ, հայտնում է BBC-ն։

Օրինագծին կողմ են քվեարկել կառավարական կոալիցիայի կուսակցությունները ներկայացնող և Կնեսետում մեծամասնություն կազմող բոլոր 64 պատգամավորները։

Իսրայելական մամուլն ընդգծում է, որ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որին ընդդիմությունն ծայրահեղ աջ կառավարության ճամբարում անվանում էր «բանականության ձայն», նույնպես կողմ է արտահայտվել օրինագծին։

Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները ի նշան բողոքի լքել են նիստերի դահլիճը։

Վաղ առավոտից Կնեսետի մոտ հավաքվել են դատաիրավական բարեփոխումների շուրջ 20 հազար հակառակորդներ։ Քվեարկությունը սկսելու պահին ձերբակալվել է 19 մարդ։ Գործադուլ են հայտարարել Իսրայելի 100 խոշորագույն ձեռնարկությունները:

Նախագահ Հերցոգը, որն ամբողջ գիշեր անցկացրել է իշխող կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններում, հայտարարել է, որ Իսրայելը գտնվում է արտակարգ դրության մեջ։

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որն ընդամենը մեկ օր առաջ սրտի վիրահատության էր ենթարկվել, ըստ որոշ տեղեկությունների, խորհրդարան էր եկել սրտախթանիչ սարքով:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հորդորել էր Նեթանյահուին հետաձգել քվեարկությունը և փորձել ընդունելի համաձայնության գալ ընդդիմության հետ։

Իսրայելցի փորձագետներից շատերը կարծում են, որ դատական ​​բարեփոխումները, որոնք, ըստ էության, նշանակում են իշխանության ամբողջական կենտրոնացում կառավարության ձեռքին, կբարդացնեն Իսրայելի հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ և կվախեցնեն միջազգային ներդրողներին:

  • Կիսվել: