երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Իսրայելի կաբինետը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը

Իսրայելի կաբինետը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը

Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը երկուշաբթի հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագրերը, որոնք ներառում են պաղեստինյան անկլավն ամբողջությամբ գրավելու հնարավորությունը։ Այդ մասին հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով քաղաքական համակարգի աղբյուրին։

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը իր Telegram ալիքում հայտնել է, որ «ծրագիրը ներառում է Գազայի տարածքների գրավում և պահպանում, խաղաղ բնակիչների տեղափոխում հարավ՝ նրանց անվտանգության համար, ՀԱՄԱՍ-ին մարդասիրական օգնության հասանելիությունից զրկելը և ահաբեկիչների ենթակառուցվածքներին ու հրամանատարական կետերին զանգվածային հարվածներ հասցնելը»։

«Ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հավանություն է տվել գլխավոր շտաբի պետի ներկայացրած օպերատիվ ծրագրին՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի լիակատար վերացման և իսրայելցի պատանդներին գերությունից վերադարձնելու վերաբերյալ»,- հավելել է Գենդելմանը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ ընդգծել է, որ ի տարբերություն նախկին գործողությունների, «խոսքը ոչ թե կետային հարձակումների, այլ տարածքների ամբողջական գրավման ու դրանց նկատմամբ կայուն վերահսկողություն հաստատելու մասին է»:

Կաբինետը նաև ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է Գազայում միջազգային օգնության բաշխման հումանիտար մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը՝ պայմանով, որ դա «թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին վերահսկել մատակարարումները և կոչնչացնի նրա վարչական հնարավորությունները»:

  • Կիսվել: