Իսրայելի իշխանություններն Արևմտյան ափին առաջին անգամ մահմեդական սրբավայր են բռնագրավել
Իսրայելի իշխանությունները հրամանագիր են արձակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափին՝ Երուսաղեմից հյուսիս գտնվող աստվածաշնչյան մարգարեի դամբարանի շրջանում հողամասի բռնագրավման վերաբերյալ, հայտնել է իսրայելական ոչ կառավարական կազմակերպությունը, տեղեկացնում է Guardian-ը։
Նշվում է, որ այդ օբյեկտը, որը հայտնի է որպես Նաբի Սամուել (Սամուել մարգարեի դամբարան), քրիստոնեական, հրեական և մահմեդական ավանդույթներում սրբացված է որպես աստվածաշնչյան մարգարեի թաղման վայր։ Դրա տարածքում գտնվում է նաև մզկիթ, որը տնօրինում է Իսլամական խորհուրդը (Վակֆ)՝ մահմեդական ունեցվածքի կառավարման պաղեստինյան մարմինը։
Իսրայելական Peace Now («Խաղաղություն հիմա») իրավապաշտպան կազմակերպությունը, որը հետևում է բնակավայրերի կառուցման գործունեությանը, այս առնչությամբ նշել է. «Սա առաջին դեպքն է, երբ [Իսրայելի] Քաղաքացիական վարչակազմը բռնագրավում է մահմեդական Վակֆին պատկանող սրբավայրը օկուպացված Արևմտյան ափին»:


