չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ իշխանությունները գիտեն թե ովքեր են իր դեմ մահափորձի կազմակերպիչները

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ իշխանությունները գիտեն թե ովքեր են իր դեմ մահափորձի կազմակերպիչները

 Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հայտարարել է, որ երկրի իշխանությունները գիտեն կիրակի գիշեր իր դեմ մահափորձ կատարածների անունները, և խոստացել է, որ մոտ ապագայում նրանց կկալանավորեն։

«Մենք հետապնդում ենք նրանց, ովքեր կատարեցին երեկվա ոճրագործությունը, մենք նրանց շատ լավ գիտենք և շուտով կհրապարակենք նրանց անունները: Դա նրանք են, ովքեր ձգտում են մեր երկիրը վերածել ավազակապետության, բայց մենք դա թույլ չենք տա»,- ընդգծել է նա, կառավարության անդամների հետ հանդիմպան ժամանակ։
 
Ալ-Քազիմին նշել է, որ Իրաքում կան որոշակի ուժեր, որոնք դժգոհ են երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներից և կոռուպցիայի դեմ պայքարից։ «Մենք թույլ չտվեցինք, որ երկիրը հայտնվի տարածաշրջանային պատերազմի մեջ և կարողացանք ապահովել նրա անվտանգությունը: Մենք շարունակելու ենք մեր անզիջում պայքարը կոռումպացված պաշտոնյաների դեմ, և նրանցից ոչ ոք չի խուսափի պատժից»,- ասել է կառավարության ղեկավարը։ Հիշեցնենք, Իրաքի վարչապետի դեմ մահափորձը կատարվել էր կիրակի գիշերը։ Հարձակումն իրականացվել էր ԱԹՍ-ի միջոցով։
 
Բարեբախտաբար Վարչապետը չի տուժել։ Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անօդաչու սարքերն ուղարկվել էին Իրաքի մայրաքաղաքի հյուսիսային արվարձանից, որը «կանաչ գոտուց» գտնվում է մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա։ Հարձակման արդյունքում առնվազն յոթ մարդ վիրավորվել է:

  • Կիսվել: