երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրաքի վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է հրաժարականի մասին

Իրաքի վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է հրաժարականի մասին

Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդ ալ-Մահդին այսօր հայտարարել է պաշտոնը վերջնականապես լքելու մասին և Թաուֆիկ Ալյաուիի` այդ պաշտոնում խորհրդարանի վստահությունը ստանալու անհաջող փորձից հետո առաջարկել է այս տարվա դեկտեմբերի 4-ին արտահերթ ընտրություններ անցկացնել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իրաքի վարչապետի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ Իրաքի վարչապետ նշանակված Մուհամեդ Թաուֆիկ Ալյաուին մարտի 1-ին հրաժարվել է պաշտոնից, չկարողանալով խորհրդարանից ստանալ անհրաժեշտ աջակցություն՝ նոր կառավարություն ձևավորելու համար:

Հայտնի է, որ Իրաքի խորհրդարանը մարտի 1-ին կրկին չի կարողացել քվեարկել՝ պատգամավորների մասնակցության ցածր մակարդակի պատճառով:

Իրաքի նախագահին, խորհրդարանի խոսնակին և պատգամավորներին ուղարկված նամակում Աբդ ալ-Մահդին հիշեցրել է, որ սահմնադրությամբ խորհրդարանի կողմից նոր կառավարության հաստատման վերջնաժամկետը մարտի 2-ն է:

Վարչապետի մամուլի ծառայության կողմից հրապարակված նամակում ասված է. «Սահմանադրական փորձագետների հետ քննարկումներից հետո ես հայտարարում եմ ինքնակամ վարչապետի պաշտոնից հեռանալու որոշման մասին»:

Նամակում նաև նշված է. «2020թ. դեկտեմբերի 4-ը առաջարկում ենք որպես ընտրությունների անցկացման օր, և առաջարկում ենք ընտրություններից 60 օր առաջ խորհրդարանի ինքնալուծարումը»:

Աբդ ալ-Մահդին իր պաշտոնին առաջարկել է նշանակել իր տեղակալներից կամ իր կառավարության անդամներից մեկին:

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերից Իրաքում ցուցարարներն ի սկզբանե իշխանություններից պահանջում էին ուշադրություն դարձնել երիտասարդության շրջանում գործազրկությանը և երկրում առկա կոռուպցիային, այնուհետև սկսեցին հնչել ներկայիս քաղաքական համակարգը փոխելու վերաբերյալ պահանջներ:

Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում, կոռուպցիայի դեմ պայքար։

 

  • Կիսվել: