կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իրանը պարտավոր է ապահովել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան անվտանգ աշխատանքը. Ադրբեջանի ԱԳՆ

Իրանը պարտավոր է ապահովել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան անվտանգ աշխատանքը. Ադրբեջանի ԱԳՆ

Իրանը պարտավոր է ապահովել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան անվտանգ աշխատանքը: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը:

Ինչպես հաղորդվում է՝ Ադրբեջանի և Իրանի միջև վերջին ժամանակաշրջանում տեղի են ունեցել շփումներ, այդ թվում՝ ԱԳՆ-ների մակարդակով:

Արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ այս տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել, և Բաքվում սպասում են այդ հանցանքի հետաքննության ավարտին:

՛՛Հարձակման հետ առնչություն ունեցող բոլոր կասկածյալները պետք է պատասխանատվության կանչվեն և խստորեն պատժվեն: Ադրբեջանական կողմը պետք է համոզվի, որ Թեհրանը երաշխավորում է դեսպանատան անվտանգ աշխատանքը՛՛,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունվարի 27-ին կալաշնիկով ինքնաձիգով զինված մի անձ հարձակվել է դեսպանատան վրա, փոխհրաձգության ընթացքում դեսպանատան պահակախմբի ղեկավար Օրխան Ասքերովը սպանվել է, ևս երկու անձ վիրավորվել է: Հարձակվողին ձերբակալել են և փոխանցել իրանցի ոստիկաններին:

Ինչպես հայտնել են իրանական աղբյուրները՝ հարձակումը կատարել է Ադրբեջանի 50-ամյա քաղաքացի Յասին Հուսեյնզադեն՝ բացատրելով իր քայլը անձնական-ընտանեկան հանգամանքներով, սակայն Բաքուն տեղի ունեցածը գնահատել է որպես ահաբեկչություն և դիվանագետներին դուրս է բերել Իրանի մայրաքաղաքից:

  • Կիսվել: