Իրանը հայտնել է ավիահարվածի հետևանքով կարևոր կամրջի վնասման մասին
Իրանի մայրաքաղաք Թեհրանը Քարաջ քաղաքին կապող ավտոմայրուղային կամուրջը ենթարկվել է ավիահարվածների: Կամրջի վնասման մասին հայտնում է Fars news-ը՝ հավելելով, որ նախնական տեղեկություններով՝ մի քանի մարդ վիրավորվել է։
Fars-ը հայտնել է, որ B1 կամուրջը համարվում է Մերձավոր Արևելքի ամենաբարձր կամուրջը և բացվել է այս տարվա սկզբին։
Հաղորդվում է նաև, որ Իրանի երկու խոշորագույն պողպատաձուլական գործարանները ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունն ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի հարձակումների պատճառով։
Mizan Online կայքի փոխանցմամբ՝ «Խուզեստան պողպատաձուլական ընկերության» գործառնությունների գծով փոխտնօրեն Մեհրան Փակբինը հայտնել է. «Մեր նախնական գնահատականն այն է, որ այս ստորաբաժանումների վերագործարկումը կտևի առնվազն վեց ամսից մինչև մեկ տարի»:
Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող «Մոբարակեհ» պողպատաձուլական ընկերությունն էլ հայտարարել է, որ իր «արտադրական գծերը լիովին կանգնել են մեծածավալ հարձակումից հետո»։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ նշելով. «Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվում է։ Դեռ շատ բան է սպասվում։ Ժամանակն է, որ Իրանը գործարք կնքի, քանի դեռ ուշ չէ»:
Իր հերթին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է. «Քաղաքացիական կառույցներին, այդ թվում՝ անավարտ կամուրջներին հարվածելը չի ստիպի իրանցիներին հանձնվել։ Դա միայն ցույց է տալիս թշնամու պարտությունն ու բարոյական փլուզումը»:


