Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում պատրաստակամություն է հայտնել նոսրացնելու հարստացված ուրանը. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելն ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն է: Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին:
Նրա խոսքով՝ այդ տարրը վերաբերում էր 60 տոկոսով հարստացված իրանական նյութին։ Արաղչին նշել է, որ Իրանը պատրաստ էր նոսրացնել հարստացված ուրանը՝ նվազեցնելով դրա տոկոսային պարունակությունը:
«Այնպես որ, սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում, որի նպատակն էր ապացուցել, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ և երբեք չի ցանկանա ունենալ այն»,-հավելել է նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այժմ օրակարգում ոչինչ չկա:
«Ամեն ինչ կախված է ապագայից: Եթե երբևէ ապագայում որոշենք բանակցություններ սկսել ԱՄՆ-ի կամ այլ գործընկերների հետ, մենք կարող ենք որոշել, թե ինչ դնել քննարկման սեղանին: Այս պահին ոչինչ չի քննարկվում»,-նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը:


