Իրանի վերջին շահի որդին ներկայացրել է «անցումային Իրանի» տնտեսական նպատակները
Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին ժողովրդին հղած իր տեսաուղերձում ներկայացրել է «անցումային Իրանի» հինգ տնտեսական նպատակները։
Նրա խոսքով՝ անցումային իշխանությունները կազատագրեն Իրանի տնտեսությունը ռազմական և կիսառազմական խմբավորումների և տնտեսական հանցագործների վերահսկողությունից։
«Բռնագրավված կամ գողացված ազգային հարստությունը կվերադարձվի և կփոխանցվի Իրանի քաղաքացիներին։ Պետական ռեսուրսները նախատեսվում է վերաուղղել օտարերկրյա զինված խմբավորումների ֆինանսավորումից դեպի երկրի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և վառելիքի համակարգերի վերակառուցումը։
Անցումային համակարգը կվերացնի կոռուպցիան և մենաշնորհները՝ ազգային հարստությունը ուղղորդելով առողջապահության, կրթության զարգացմանը և աղքատության դեմ պայքարին։
Իրանի ամենամեծ հարստությունը ոչ թե նավթն ու գազն է, այլ նրա ժողովուրդը։ Խոստանում եմ ներդրումներ կատարել մարդկային կապիտալում, վերամիավորվել համաշխարհային տնտեսության հետ և վերականգնել երկրի տնտեսական կայունությունը, աճը և բարգավաճումը»,-ասել է Փահլավին:
Նա նաև նշել է, որ սրանք դատարկ խոստումներ չեն, այլ պարտավորություններ, որոնք ինքը մտադիր է իրականացնել Իրանի ժողովրդի հետ միասին։


