շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանի տարածքին հասցվող հարվածների բնապահպանական հետեւանքները կարող են զգացվել տասնամյակներ. Bloomberg

Իրանի տարածքին հասցվող հարվածների բնապահպանական հետեւանքները կարող են զգացվել տասնամյակներ. Bloomberg

Իրանի տարածքին հասցվող հարվածների բնապահպանական հետեւանքները կարող են զգացվել տասնամյակներ, գրել է Bloomberg գործակալությունը։

Ինչպես ընդգծել է լրատվամիջոցը, էներգետիկ եւ ռազմական ենթակառուցվածքի վրա գրոհների հետեւանքով մթնոլորտում արդեն հայտնվել են մեծ քանակությամբ թունավոր նյութեր, որոնք կարող են երկար ժամանակ պահպանվել շրջակա միջավայրում եւ սպառնալիք ներկայացնել միլիոնավոր մարդկանց առողջության համար։

Բիրմինգհեմի համալսարանի մթնոլորտային կենսաերկրաքիմիայի պրոֆեսոր Զոնգբո Շիի խոսքով՝ հրդեհների ծխի եւ ամպերի մեջ պարունակվող մասնիկները «կարող են խոր թափանցել թոքեր եւ կապված են շնչառական, սրտանոթային եւ այլ հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացման հետ, մասնավորապես՝ նորածինների եւ տարեցների մոտ»։

Մասնագետները որպես հիմնական մտահոգություն նշում են վառելիքի պահեստների, նավթային օբյեկտների եւ հրթիռային ենթակառուցվածքի ոչնչացումը։ Այդ օբյեկտների վնասման դեպքում օդ են արտանետվում մուր, ծանր մետաղներ, ծծմբի միացություններ եւ այլ աղտոտիչներ։ Դրանք կարող են երկար տարածություն անցնել օդային հոսանքների միջոցով եւ նստել հողի եւ ջրի վրա՝ աստիճանաբար կուտակվելով էկոհամակարգերում։

Մասնագետները նախազգուշացնում են, որ նման արտանետումների հետեւանքները կարող են դրսեւորվել ոչ միայն հարվածներից անմիջապես հետո, այլեւ տարիներ անց։ Օդի աղտոտվածությունը մեծացնում է շնչառական հիվանդությունների առաջացման ռիսկը, մինչդեռ հողի եւ ջրային ռեսուրսների աղտոտումը կարող է ազդել գյուղատնտեսության եւ սննդի անվտանգության վրա։ Փորձագետների գնահատմամբ՝ այս երկարաժամկետ հետեւանքները հաճախ դառնում են ռազմական հակամարտություններից հետո ամենալուրջ բնապահպանական խնդիրներից մեկը։

Առանձին սպառնալիք են հրդեհները նավթային օբյեկտներում։ Դրանց այրման ժամանակ առաջանում են թունավոր ծխի խիտ ամպեր, որոնք պարունակում են միկրոմասնիկներ եւ քաղցկեղածին նյութեր։ Այս աղտոտիչները կարող են անցնել հարյուրավոր կիլոմետրեր եւ երկար ժամանակ մնալ մթնոլորտում՝ վատթարացնելով խոշոր քաղաքների օդի որակը։

Բնապահպանները նշում են, որ էներգետիկ օբյեկտներում ռազմական գործողությունները հաճախ հանգեցնում են խոշոր արդյունաբերական աղետների հետ համեմատելի հետեւանքների։

Միաժամանակ, վնասի իրական մասշտաբների գնահատումը դժվար է, քանի որ ազդեցության գոտիներ մուտքը սահմանափակ է, իսկ պատերազմի ժամանակ շրջակա միջավայրի մոնիթորինգը՝ դժվար։ Այնուամենայնիվ, մասնագետներն արդեն իսկ կարծում են, որ ներկա հակամարտության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կարող է պահպանվել տասնամյակներ։

  • Կիսվել: