հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինը զոհ, տասնյակ վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո

Ինը զոհ, տասնյակ վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո

Ռուսական օդային հարվածների հետևանքով այսօր Ուկրաինայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Դնեպրում և Խարկովում, առնվազն 9 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը՝ վիրավորվել, հայտնել են իշխանությունները։

Շրջանային ղեկավար Ալեքսանդր Հանժայի փոխանցմամբ՝ ռուսները հարավարևելյան Դնեպր քաղաքը ենթարկել են հրթիռային և դրոնային հարձակման, հինգ մարդ է զոհվել, վիրավորվել ավելի քան 25-ը։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, ավտոմեքենաներ, խաղահրապարակներ։

Մայրաքաղաքում առնվազն չորս զոհ և 51 վիրավոր կան, այդ թվում՝ երեխաներ, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նրա խոսքով՝ 24 հարկանի բազմաբնակարան շենքի ենթադրյալ հրթիռակոծության պատճառով այն փլուզվել է։ Հնարավոր է, որ փլատակներում մարդիկ են մնացել։

Հյուսիսարևելյան Խարկովում դրոնային հարձակման հետևանքով 10 մարդ է վիրավորվել, նրանց թվում՝ երեխա, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Ռուսական հարվածների վերաբերյալ հետախուզական տվյալները մնում են ուժի մեջ։ Հնարավոր է խոշոր հարված։ Իրենք դա նախապատրաստել են», - երեկվա ուղերձում ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ վստահեցնելով, որ բանակը դրան պատրաստ է։

Անցյալ շաբաթ Մոսկվան նախազգուշացրել էր, որ մտադիր է «համակարգված հարվածներ» հասցնել Կիևի ռազմական թիրախներին՝ օտարերկրացիներին կոչ անելով հեռանալ։

  • Կիսվել: