կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Բլինքենի՝ Սեուլ կատարած այցի համատեքստում

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Բլինքենի՝ Սեուլ կատարած այցի համատեքստում

Հյուսիսային Կորեան երկու ամսվա ընթացքում առաջին անգամ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել ծով՝ կապված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Սեուլ կատարած այցի հետ, տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես հայտնել են հարավկորեացի զինվորականները՝ փոքր հեռահարության մի քանի հրթիռներ թռել են մոտ 300 կիլոմետր հեռավորությամբ, դրանք արձակվել են այսօր առավոտյան Փհենյանից եւ ընկել են արեւելյան ափի մոտ։
 
Հարավային Կորեան դատապարտել է այդ արձակումները՝ դրանք անվանելով «ակնհայտ սադրանք», եւ հայտնել է, որ դրանց մասին տեղեկություն է փոխանցել Միացյալ Նահանգներին եւ Ճապոնիային։
 
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արձակվել է երեք հրթիռ, որոնք թռել են մոտ 350 կիլոմետր հեռավորությամբ, 50 կիլոմետր առավելագույն բարձրությամբ։
 
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դատապարտել է այդ արձակումները։ «Հյուսիսային Կորեայի գործողությունների շարքը սպառնում է մեր տարածաշրջանի եւ միջազգային հանրույթի  խաղաղությանն ու անվտանգությանը եւ անընդունելի է»,- նշել է Կիսիդան՝ արձակումներն անվանելով ՄԱԿ բանաձեւերի խախտում։
 
Նշենք, որ Բլինքենը Հարավային Կորեա է այցելել՝ մասնակցելու «Հանուն դեմոկրատիայի» գագաթաժողովին, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությունն է՝ ուղղված ամբողջ աշխարհում դեմոկրատիայից նահանջը եւ իրավունքների ու ազատությունների էրոզիան դադարեցնելու ուղիների քննարկմանը։

  • Կիսվել: