Հունգարիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարքեր հայտնաբերվելու դեպքում Ուկրաինայի զինվորականները կարձագանքեն. Զելենսկի
Ուկրաինացի զինվորականները կարձագանքեն, եթե Հունգարիայի հետ սահմանի մոտ կրկին անօդաչու թռչող սարքեր գրանցվեն: Այս մասին նախօրեին իր երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան։
Նա հիշեցրել է, որ հետախուզական անօդաչու թռչող սարքեր են նկատվել Ուկրաինայի և Հունգարիայի սահմանին, և հավելել. «Ես հանձնարարել եմ զինվորականներին լիարժեք ստուգում անցկացնել և հաջորդ անգամ, եթե նման դրոններ կրկին լինեն, համապատասխանաբար արձագանքել՝ ի շահ մեր պետության պաշտպանության»:
Զելենսկիի խոսքով՝ ուկրաինացիները «հիմա լավագույնն են Եվրոպայում ցանկացած դրոններից պաշտպանվելու հարցում և Ուկրաինան պատրաստ է կիսվել իր փորձով այլ երկրների հետ, որոնք անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներից հուսալի պաշտպանության կարիք ունեն»։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ այդ հարցի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տասնյակ երկրների հետ։ Կիևը Վաշինգտոնին է առաջարկել ամենահեռանկարային համաձայնագրերից մեկը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Դանիայում, Նորվեգիայում և Բալթյան երկրներում մշտապես ռուսական դրոնների հետ կապված միջադեպեր են տեղի ունենում։
«Հետախուզական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը կարող է լցանավեր օգտագործել այս և նմանատիպ անօդաչու թռչող սարքեր արձակելու համար՝ որպես դրանց մեկնարկային հարթակներ և կառավարման կետեր։ Դա կանխելը հեշտ չէ, բայց հնարավոր է և մենք պետք է սովորենք, թե ինչպես դա անել և մենք պետք է զարգացնենք անհրաժեշտ հնարավորությունները»,-ասել է Ուկրաինայի նախագահը:


