Հունաստանի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել. 4 զոհերից մեկը երեխա է
Երեքշաբթի օրը Էգեյան ծովի արևելյան հատվածի կղզիներից մեկի ափերի մոտ ներգաղթյալներով լի նավակ է խորտակվել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է երկրի առափնյա պահպանության ծառայությունը, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ առափնյա պահպանության պարեկային նավակը Լեսբոս կղզու հարավային ափի մոտ ծովից դուրս է բերել երկու կնոջ, մեկ տղամարդու և մեկ աղջկա մարմիններ, հայտնել է առափնյա պահպանության ծառայությունը՝ հավելելով, որ մոտակայքում՝ ափի ժայռոտ հատվածում, հայտնաբերվել է կիսախորտակված նավակ։
34 փրկվածներ ինքնուրույն հասել են ափ և հայտնաբերվել ոստիկանության կողմից։ Ցամաքային և ծովային որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են այն բանից հետո, երբ փրկվածները իշխանություններին հայտնել են, որ նավի վրա ընդհանուր առմամբ եղել է 38 մարդ և ուրիշ անհայտ կորածներ չկան։
Խորտակման պատճառն անհայտ է, իշխանություններն անմիջապես լրացուցիչ տեղեկություններ չեն ստացել փրկվածների կամ զոհերի ազգության մասին։
Նշենք, որ Հունաստանը Եվրոպական միություն մուտք գործելու հիմնական կետերից է՝ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի կոնֆլիկտներից ու աղքատությունից փախած մարդկանց համար։


