Հռոմի կենտրոնում աշտարակ է փլուզվել. կան տուժածներ
Հռոմի կենտրոնում՝ Վենետիկի հրապարակի և Կոլիզեյի միջև հառնող 29 մետրանոց Torre dei Conti պատմական աշտարակը փլուզվել է առնվազն երկու անգամ, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ երկրորդ փլուզումը տեղի է ունեցել փրկարարների՝ դեպքի վայր ժամանելուց հետո:
Վիրավորվել է չորս աշխատող, նրանցից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել և հրաժարվել հոսպիտալացումից: Երրորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղական իշխանությունների՝ նրա կյանքը վտանգված է: Չորրորդ աշխատողը մնացել է փլատակների տակ:
«Մենք փորձում ենք նրան կենդանի դուրս բերել, բայց իրավիճակը դժվար է՝ հետագա փլուզման վտանգի պատճառով»,- Reuters-ին ասել է ազգային հրշեջ ծառայության խոսնակ Լուկա Կարին:
Կոնտի աշտարակը 13-րդ դարի սկզբին պատվիրել է Հռոմի պապ Ինոկենտիոս III-ը՝ իր ընտանիքի համար: Շենքում մի ժամանակ տեղակայված էին Հռոմի քաղաքապետարանի գրասենյակները, բայց 2006 թվականից ի վեր շենքը չի օգտագործվում և վերանորոգվում է չորսամյա նախագծի շրջանակում, որը պետք է ավարտվի հաջորդ տարի:


