Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի
Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում հետիոտնային կախովի կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 141-ի, հաղորդում է BBC-ն։ Ըստ տեղի իշխանությունների՝ զոհերի մեծ մասը կանայք են, երեխաներ և տարեցներ։
170-ից ավելի մարդ փրկվել է։ Ողջ մնացածների մի մասը լողալով ափ է հասել, մյուսներին հաջողվել է կառչել պաշտպանիչ ցանցից և վեր բարձրանալ։
Կամուրջը վերանորոգումից հետո վերաբացվել էր ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Նշվում է, որ կամրջի վրա եղել են չափից մեծ թվով մարդիկ, ովքեր նշում էին Դիվալի տոնախմբությունը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ հայտնելով, որ զոհերի ընտանիքները և վիրավորները փոխհատուցում կստանան։
Իշխանությունները խոստացել են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Միջադեպի առնչությամբ մի քանի քրեական գործ է հարուցվել։ Ըստ նախնական վարկածի՝ փլուզման պատճառ է դարձել գերծանրաբեռնվածությունը։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, տեղի ժամանակով ժամը 18։40-ին։ Որոնողական գործողությունները շարունակվում են։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Մաչչու գետի վրայով անցնող 230 մ երկարությամբ կամուրջը կառուցվել էր 19-րդ դարում՝ բրիտանական տիրապետության ժամանակ։


