չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը

Հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան 10-րդ գումարման խորհրդարանին ներկայացրեց կառավարության նոր կազմն ու կառավարական ծրագիրը: Դեկտեմբերի 11-ին՝ նոր օրենսդիրի իրավասություններն ընդունելուց հետո, կառավարությունը հրաժարական տվեց: Բոլոր նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատար, գրում է aliq.ge-ն:

Մեծ փոփոխություններ կառավարության կազմում չեն սպասվում: Նոր է միայն Արդարադատության նախարարը: Նախկին նախարար Թեա Ծուլուկիանին, որ 8 տարի ղեկավարում էր գերատեսչությունը, պատգամավոր է դարձել: Նրա փոխարեն ներկայացվել է Գոչա Լորթքիփանիձեի թեկնածությունը:

Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը Մայա Ցքիթիշվիլին է,
Արդարադատության նախարարը՝ Գոչա Լորթքիփանիձեն,
Ներքին գործերի նախարարը՝ Վախթանգ Գոմելաուրին
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը` Նաթիա Թուրնավան,
Արտաքին գործերի նախարարը` Դավիթ Զալկալիանի,
Ֆինանսների նախարարը Իվանե Մաճավարիանին,
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը` Միխեիլ Չխենկելին,
Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարարը` Էկատերիե Տիկարաձեն,
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարը` Լևան Դավիթաշվիլին։
Ինչ վերաբերում է կառավարության նոր ծրագրին, այն կոչվում է «Եվրոպական պետություն ստեղծելու համար». Նպատակներն են` պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի հաղթահարում, տնտեսության արագ վերականգնում և զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն ու ապահով միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների շարունակում:

Նշված նպատակներից ելնելով` կառավարությունը ծրագրում է ջանքերը կենտրոնացնել 4 ուղղություններով`

Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, կոնֆլիկտների լուծում ու մարդու իրավունքներ,

Տնտեսական զարգացում,

Սոցիալական քաղաքականություն և մարդկային կապիտալի զարգացում,

Պետական կառավարում։

Այժմ Գախարիայի ներկայացրած կաբինետն ու զարգացման ծրագիրը պետք է ստանան նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Կոմիտեներում և խմբակցություններում քննարկումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ:

 

  • Կիսվել: