հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ-իրանական մշակութային հարաբերությունները կամրապնդվեն համատեղ միջոցառումների անցկացմամբ

Հայ-իրանական մշակութային հարաբերությունները կամրապնդվեն համատեղ միջոցառումների անցկացմամբ

Հայ-իրանական կինոհամագործակցության շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնում հանդիպում է կազմակերպվել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբայինի հետ։

Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն  են ձեռք բերել համատեղ մշակել 2022 թվականին հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարության ծրագիրը և մարտին Երևանում, իսկ ապրիլին Իրանում կազմակերպել հայ-իրանական ֆիլմերի շաբաթ:

Քննարկվել է նաև Իրանում հայկական ֆիլմերի շաբաթի շրջանակում «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի ինստալյացիա ձևաչափով ցուցահանդեսի կազմակերպումը Թեհրանի «Ժամանակակից արվեստների թանգարանում»: Կողմերը, արժևորելով այս ծրագրի կարևորությունը, պայմանավորվել են 2022-ի մարտին կայանալիք հայ-իրանական կինոբարեկամության շաբաթը դարձնել ամենամյա:

Նախատեսվում է նաև հայրենիքի պաշտպանության համար մղված թեմատիկայով «Դեֆայե Մողադաս» խորագրով հայ-իրանական ֆիլմերի շաբաթ կազմակերպել սեպտեմբերին, իսկ իրանահայ ռեժիսոր, սցենարիստ, Իրանի կինոյի հիմնադիր Հովհաննես Օհանյանի 125-ամյակի առթիվ Երևանում համատեղ մշակութագիտական միջոցառում կանցկացվի:

Հանդիպմանն արժևորվել է համատեղ ֆիլմարտադրությանը զարկ տալու և միջփառատոնային համագործակցության զարգացմանը նպաստելու կարևորությունը: Ըստ կողմերի՝ թվարկված բոլոր ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է հիմնել հայ-իրանական կինոհիմնադրամ:

Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են թվարկված բոլոր ծրագրերը ներառող համատեղ աշխատանքային քարտեզ կազմել:

Հանդիպման ավարտին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ու ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային հանդիպումը բավականին արդյունավետ են համարել, վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կիրականացվի արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ մշակութային բարեկամության։

  • Կիսվել: