շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Գուտերեշը հութիներից պահանջում է անհապաղ ազատ արձակել ՄԱԿ-ի 11 ձերբակալված աշխատակիցներին

Գուտերեշը հութիներից պահանջում է անհապաղ ազատ արձակել ՄԱԿ-ի 11 ձերբակալված աշխատակիցներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Եմենի հութիների կողմից ՄԱԿ-ի 11 աշխատակիցների ձերբակալությունը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց։ Այս մասին տեղեկանում ենք Գուտերեշի գրասենյակի տարածած հայտարարությունից

«Ես խստորեն դատապարտում եմ Եմենի հութի դե ֆակտո իշխանությունների կողմից օգոստոսի 31-ին ՄԱԿ-ի առնվազն 11 աշխատակիցների կամայական ձերբակալությունը։ Ես նաև դատապարտում եմ բռնի մուտքը Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակ, ՄԱԿ-ի գույքի բռնագրավումը և Սանայում գտնվող ՄԱԿ-ի այլ կառույցներ մուտք գործելու փորձերը»,-նշված է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ Գուտերեշը պահանջել է ձերբակալվածների «անհապաղ և անվերապահ ազատ արձակումը»։ Նա հավելել է, որ պահանջում է նաև ազատ արձակել նախորդ տարիներին ձերբակալված մյուս բոլոր աշխատակիցներին։

Նշենք, որ ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ օգոստոսի 31-ին հութիները մտել են Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող Պարենի համաշխարհային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակներ։ Ըստ լրատվամիջոցի՝ սա տեղի է ունեցել հութիների դեմ Իսրայելի վերջին գործողություններից հետո. Իսրայելը հայտարարել է, որ հարվածների արդյունքում սպանել է հութիների կառավարության վարչապետ Ահմեդ ալ-Ռահավիին։

  • Կիսվել: