ուրբաթ, դեկտեմբեր 6
6 / 12 / 2024
Ղրղզստանում պետական իշխանությունը զավթելու փորձը կանխվել է

Ղրղզստանում պետական իշխանությունը զավթելու փորձը կանխվել է

Ղրղզստանի Գերագույն դատարանը հայտարարել է պետական իշխանությունը զավթելու գործողություններ պատրաստող անձանց մինչև հունվարի 10-ը ձերբակալելու որոշման մասին:

Դեռ երեկ՝ նոյեմբերի 12-ին, հանցավոր խմբի վնասազերծման մասին հայտնել է երկրի ՆԳ նախարարությունը:

Նշվում է, որ վեց հոգուց բաղկացած խումբը՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ադիլ ուլու Կուբանի ուղղորդմամբ, նպատակադրվել էր հրահրել զանգվածային անկարգություններ, ապակայունացնել իրավիճակը և իրականացնել իշխանության բռնի զավթում: Ըստ քննիչների՝ կասկածյալներն այդ նպատակով մտադիր էին նոյեմբերի 17-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, ազգային սպորտային խաղեր անցկացնելու պատրվակով հնչեցնել բռնի գործողություններ իրականացնելու և հակասահմանադրական պահանջներ ներկայացնելու կոչեր:

Ձերբակալվածներին առաջադրվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի, Ղրղզստանի քաղաքացու՝ օտար պետության տարածքում զինված հակամարտություններին կամ ռազմական գործողություններին մասնակցելու մեղադրանք: Հարուցվել է քրեական գործ՝ բռնությամբ, ջարդերով, հրկիզմամբ, գույքի ոչնչացմամբ, հրազենի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կիրառմամբ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցուցաբերելու հոդվածով։:

 

  • Կիսվել: