կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ղազախստանում մեկնարկել են ԱՊՀ երկրների ՀՕՊ ուժերի համատեղ զորավարժությունները

Ղազախստանում մեկնարկել են ԱՊՀ երկրների ՀՕՊ ուժերի համատեղ զորավարժությունները

Ղազախստանում մեկնարկել են ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված համակարգի «Մարտական համագործակցություն-2023» համատեղ զորավարժությունները, տեղեկացրել է «Sputnik Казахстана»-ն՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններն անցկացվում են Կարագանդայի մարզում, զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկներն արդեն սկսել են ուսումնամարտական առաջադրանքների կատարումը։

Ղազախստանի ուժերից բացի՝ մասնակցում են նաեւ Ղրղըզստանի Զինված ուժերի զինվորականները։

«Զորավարժությունների ակտիվ փուլը կայանալու է սեպտեմբերի 14-15-ին։ Ղրղըզստանի ՀՕՊ հաշվարկները կատարում են հրաձգություն «Պեչորա 2БМ» շարժական զենիթահրթիռային համալիրից»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։

«Պեչորա 2БМ» ԶՀՀ-ն նախատեսված է փոքր եւ միջին հեռավորության վրա գտնվող օդային հարձակման օդաչուավոր եւ անօդաչու միջոցների ոչնչացման համար, նշել են պաշտպանության նախարարությունում։

Զորավարժությունների ակտիվ փուլին հետեւելու են Հայաստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների եւ զորքերի ներկայացուցիչները։

  • Կիսվել: