երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գերմանիայի նախագահն արձակել է խորհրդարանը՝ արտահերթ ընտրությունների նախաշեմին

Գերմանիայի նախագահն արձակել է խորհրդարանը՝ արտահերթ ընտրությունների նախաշեմին

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն արձակել է երկրի խորհրդարանի ստորին պալատը՝ փետրվարի 23-ին երկրում անցկացվելիք արտահերթ ընտրություններին ընդառաջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն է առաջացել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ երեք կուսակցությունից բաղկացած կոալիցիայի փլուզումից հետո։

«Հատկապես դժվարին ժամանակներում, ինչպես հիմա, կայունության համար անհրաժեշտ է կառավարություն, որն ունակ է գործելու, ինչպես նաև (անհրաժեշտ է) հուսալի մեծամասնություն խորհրդարանում», - ասել է Շտայնմայերը՝ բացատրելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։

Գերմանիայի նախագահը նաև կոչ է արել արդար և թափանցիկ ընտրարշավ անցկացնել։ 

Սոցիալ-դեմոկրատ Կանցլեր Օլաֆ Շոլցը կշարունակի ղեկավարել ժամանակավոր կառավարությունը, մինչև նոր կառավարության ձևավորումը։ Նրան դեկտեմբերի սկզբին խորհրդարանում անվստահության քվե էին հայտնել այն բանից հետո, երբ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների ազատ դեմոկրատները դուրս էին եկել կոալիցիայից։ 

Ըստ անցկացված հարցումների տվյալների՝ Քրիստոնեադեմոկրատական ​​միության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, հնարավոր է, ընտրություններից հետո փոխարինի Շոլցին կանցլերի պաշտոնում։

 

  • Կիսվել: