երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գերմանիան ու Չինաստանը կոչ են անում ՌԴ-ին և Ուկրաինային երկխոսել

Գերմանիան ու Չինաստանը կոչ են անում ՌԴ-ին և Ուկրաինային երկխոսել

Գերմանիան և Չինաստանը կոչ են անում դադարեցնել մարտական գործողությունները, նրանք կողմ են, որ Ուկրաինան ու Ռուսաստանը երկխոսեն 

Մասնավորապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությանը կանգնեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում: Այս մասին նա ասել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Շոլցը, մասնավորապես, նշել է. ՛՛Չեմ կարող բաց թողել հնարավորությունն՝ իմ գործընկերոջ հետ կոչ անելով Ռուսաստանի նախագահին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հետ քաշել ռուսական զորքերն ու վերադառնալ երկխոսությանը՛՛:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այդ երկրի կառավարությունը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային իրադրությունը կարգավորել երկխոսության միջոցով: Այս մասին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:

Չինաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Կուլեբան ներկայացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլից հետո առկա իրավիճակը՝ նշելով, որ պատերազմի դադարեցումն իրենց առաջնահերթությունն է, ուստի պաշտոնական Կիևը ցանկանում է շարունակել բանակցել:

Ինչպես նշել է Վան Ին՝ Չինաստանի դիրքորոշումը բաց է և թափանցիկ. չինական կողմը հանդես է գալիս բոլոր երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության օգտին:

՛՛Ի պատասխան առկա ճգնաժամի՝ Չինաստանը կոչ է անում Ուկրաինային ու Ռուսաստանին խնդրի լուծումը գտնել բանակցությունների միջոցով և աջակցել միջազգային բոլոր կառուցողական ջանքերին, որոնք ուղղված են խնդրի քաղաքական կարգավորմանը՛՛,-նշված է  հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: