երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գեներալ Սոլեյմանիի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 7-ին

Գեներալ Սոլեյմանիի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 7-ին

Իրաքում սպանված Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 7-ին` իր հարազատ Քերման քաղաքում: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։

Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին տեսակցել է սպանված գեներալի ընտանիքին:

Հունվարի 3-ին Ղասեմ Սոլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:
 
Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սոլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։
 
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է.
 

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»։

  • Կիսվել: