Ֆրանսիայում տասնյակ ոստիկաններ և ժանդարմներ վիրավորվել են գիշերային անկարգությունների ժամանակ. բերման է ենթարկվել 150 մարդ
Ֆրանսիայում տասնյակ ոստիկաններ և ժանդարմներ վիրավորվել են գիշերային անկարգությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանության պատճառով, RMC ռադիոկայանի եթերում ասել է հանրապետության ՆԳՆ խոսնակ Քամիլ Շեզը։
«Մենք չէինք ցանկանում, որ երկու կողմից մեծ թվով տուժածներ լինեին: Այս գիշեր բռնության տարածումը հատկապես ուժեղ էր՝ չնայած 2000 ոստիկանի և ժանդարմի ծայրահեղ մոբիլիզացիային ամբողջ Ֆրանսիայում», - ասել է Շեզը։
Մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ 17-ամյա երիտասարդի սպանությունից հետո սկսված անկարգություններն ամբողջ երկրում 150 մարդու բերման ենթարկելու պատճառ են դարձել:
Աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության առաջնորդ Էրիկ Սիոտտին Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել գիշերային անկարգություններից հետո։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
Նա ընդգծել է, որ խուլիգանների խմբերը փորձել են «սպանել ոստիկաններին» և հարձակվել այլոց տների, ինչպես նաև կոմիսարիատների ու քաղաքապետարանների վրա։ Սիոտտիի խոսքով՝ հասցվել է մի քանի միլիոն եվրոյի վնաս:
Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Փարիզի արվարձան Նանտերում ոստիկանական պարեկը փորձել է կանգնեցնել մեքենան ճանապարհային ստուգման ժամանակ: 17-ամյա վարորդը հրաժարվել է ենթարկվել պահանջներին և ոտք դրել է գազին։ Այնուհետև իրավապահ մարմինների աշխատակիցը կրակել է նրա վրա՝ տեղում սպանելով նրան։
Հայտնի է, որ հունիսի 29-ի գիշերը անկարգությունները շարունակվել են։ Le Figaro-ի փոխանցմամբ՝ դրանց մասնակիցները հարձակվել են կառավարական շենքերի, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքների ու դպրոցների վրա, ճայթրուկներ են նետել ոստիկանների վրա։ Եղել են նաև թալանի դեպքեր: