կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանը կաջակցի Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, մինչև երկրում անվտանգության հաստատումը. ԻԻՀ ԱԳՆ

Իրանը կաջակցի Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, մինչև երկրում անվտանգության հաստատումը. ԻԻՀ ԱԳՆ

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը կաջակցի Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, մինչև երկրում անվտանգության հաստատումը, գրում է parstoday.ir-ը:

Չորեքշաբթի օրը, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Թեհրանի և Դամասկոսի միջև տնետսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։

Նա նշել է. «Երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների շրջանակում, առաջիկայում, Սիրիայի վարչապետի և Իրանի առաջին փոխնախագահի նախագահությամբ, կկայանա երկու երկրների Գերագույն հանձնաժողովի 15-րդ նիստը»։

Դատապարտելով Հալեպի օդանավակայանի և Սիրիայի այլ շրջանների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումներն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Տարածաշրջանում այս ռեժիմի գործողություններից ոչ մեկն անպատասխան չի մնացել ու չի մնա»։

Անդրադառնալով ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությանն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Սիրիայի և տարածաշրջանի անվտանգությունն Իրանի լուրջ մտահոգությունն է, և մենք կշարունակենք աջակցել Սիրիայի ժողովրդին և կառավարությանը՝ մինչև երկրում կայունության հաստատումը»:

ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով. «Անկարայի և Դամասկոսի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները բխում են տարածաշրջանի շահերից, և Իրանը կշարունակի իր ջանքերը թյուրիմացությունները հարթելու և Սիրիայի և Թուրքիայի սահմանին անվտանգություն հաստատելու ուղղությամբ»։

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադն անդրադառնալով Իրանի և Սիրիայի ընդհանուր մարտահրավերներին, հայտարարել է. «Թեհրանի և Դամասկոսի դեմ որոշ երկրների թշնամական քաղաքականությունը շարունակվում է, և այդ երկրները, հատկապես ԱՄՆ-ը, տարբեր միջոցներով, այդ թվում՝ ֆինանսական աջակցության միջոցով, ահաբեկչությունն օգտագործում են իրենց քաղաքական նպատակներն առաջ տանելու համար: Եվ տարածաշրջանի երկրները տեղյակ են այս մասին»:

Ֆեյսալ ալ-Մեղդադը հայտարարել է. «Իրանի և Սիրիայի ժողովուրդների դիրքորոշումը Արևմուտքի մարտահրավերների և դավադրությունների դեմ հերոսական է և վկայում է իրենց առաջնորդներին և Իրանի ու Սիրիայի կառավարությունների վարած քաղաքականությանն աջակցելու մասին»:

  • Կիսվել: