Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել ԵՄ դիտորդների պարեկության ժամանակ ադրբեջանական կրակոցների առնչությամբ
Ֆրանսիան լրացուցիչ 3 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեությանն աջակցելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հեռախոսազրույցից։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն ավելի քան ութ ամիս է, ինչ տառապում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով։
Կոլոննան ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին եւ վնաս է հասցնում բանակցային գործընթացին:
Նա ընդգծել է, որ չլուծված հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով, ինչն արդար եւ տեւական խաղաղության հասնելու հնարավորություն կտա: Այդ մասին նախարարը նշել էր նաեւ ապրիլի 27-ին եւ 28-ին Ադրբեջան եւ Հայաստան կատարած իր այցերի ժամանակ:
Նախարարը կրկնել է Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով վերականգնելու, բնակչությանն անխափան գազ եւ էլեկտրականություն մատակարարելու իր կոչը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, իրականացնի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, որն ունի պարտադիր կատարման ուժ։
Երկու նախարարներն անդրադարձել են նաեւ օգոստոսի 15-ին Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության պարեկության ժամանակ տեղի ունեցած կրակոցներին: Կոլոննան մտահոգություն է հայտնել այդ միջադեպերի կապակցությամբ եւ լիակատար աջակցություն հայտնել Եվրոպական առաքելությանը։