կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու

Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու

Ֆրանսիան շուտով կկարողանա Ուկրաինային 78 «Caesar» հաուբից մատակարարել և Կիևի զինամթերքի հրատապ կարիքները բավարարելու համար կավելացնի արկերի մատակարարումները: Ըստ Associated Press-ի՝ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիե Լըկորնյուն:

Նա մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ֆրանսիայի, Ուկրաինայի և Դանիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել ֆինանսավորելու 155 մմ «Caesar» ինքնագնաց հաուբիցները, ինչը Ֆրանսիային կօգնի արագ մատակարարել դրանք։

Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել Ուկրաինային: 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր Ֆրանսիան արդեն 30 հազար արկ է մատակարարել Կիևին:

Լեկորնուն ասել է նաև, որ Ֆրանսիան ներգրավված է վառոդի և զինամթերքի առկա պաշարները հայտնաբերելու ջանքերում, որոնք կարելի էր ձեռք բերել Եվրոպական միությունից դուրս գտնվող երկրներից: Այս ծրագիրն, ըստ նախարարի, Կիևին հետագա աջակցության համար նախաձեռնել է Չեխիան: Ըստ այդ ծրագրի՝ չեխերը մտադիր են Ուկրաինայի համար ձեռք բերել 800 հազար հրետանային արկեր։

Չեխիայի ղեկավարներն ավելի վաղ հայտարարել էին, որ առաջին արկերը պետք է Ուկրաինա հասցվեն ամենաուշն այս տարվա հունիսին։ Ըստ Պրահայի պաշտոնյաների՝ առնվազն 18 երկիր միացել է այս նախաձեռնությանը:

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը խոստացել էին ավելի շատ զենք գնել Կիևի համար և ավելացնել ռազմական տեխնիկայի արտադրությունը՝ վստահեցնելով, որ ռազմական ռեսուրսների պակասը լրացնել ձգտող Ուկրաինան կարող է ապավինել երեք եվրոպական տերություններին:

Լըկորնյուն հավելել է, որ եվրոպական երկրները մայրցամաքի անվտանգությունը ապահովելու համար պետք է նվազեցնեն կախվածությունը Միացյալ Նահանգներից։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ակնկալում է, որ այս հարցը նախընտրական թեմա կդառնա հունիսին անցկացվելիք Եվրոպական ընտրություններից առաջ:

Նախարարը շեշտել է, որ եվրոպական անվտանգության օրակարգի մի մասն այսուհետև եվրոպացիների ուսերին է:

«Ճիշտ չէ, որ ԱՄՆ հարկատուները պետք է այդքան վճարեն եվրոպացիների անվտանգության համար»,- եզրափակել է Լըկորնյուն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: