կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիան ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է սահմանել ՌԴ- ում տեղի ունեցած հարձակումից հետո

Ֆրանսիան ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է սահմանել ՌԴ- ում տեղի ունեցած հարձակումից հետո

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքը մինչև առավելագույն մակարդակ բարձրացնելու մասին: Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նախագահն այսօր (խմբ․՝ մարտի 24-ի) երեկոյան Ելիսեյան պալատում հրավիրել էր Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Հաշվի առնելով, որ «Իսլամական պետությունն» է ստանձնել հարձակման պատասխանատվությունը, և այն սպառնալիքը, որին բախվում է մեր երկիրը, մենք որոշել ենք ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնել առավելագույնի՝ ահաբեկչության ծայրահեղ սպառնալիքի», - գրել է վարչապետը։

Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի երեք մակարդակ է գործում։ Ամենաբարձր՝ երրորդ մակարդակն ակտիվացվում է Ֆրանսիայում կամ արտերկրում տեղի ունեցած հարձակումներից հետո, կամ երբ կա ահաբեկչության վերահաս սպառնալիք։

Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների` զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։

ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։

 

  • Կիսվել: