երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումների թիվն աճել է

Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումների թիվն աճել է

Եվրամիության երկրներում, ինչպես նաև Նորվեգիայում և Շվեյցարիայում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրագրերի թիվը 2023 թվականի առաջին կիսամյակում աճել է գրեթե մեկ երրորդով։

ԵՄ ապաստանի հարցերով գործակալության տվյալների համաձայն՝ Միությունում, Նորվեգիայում և Շվեյցարիայում ապաստանի դիմումների թիվն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 519 հազար՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 28 տոկոսով:

Սա 2015-2016 թվականներին միգրացիոն ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Գերատեսչության գնահատականներով՝ ընթացիկ միտումների պահպանման դեպքում մինչև տարեվերջ դիմումների թիվը կարող է գերազանցել միլիոնը:

Նշվում է նաև, որ միջնորդությունների շուրջ 41 տոկոսը բավարարվել է։ Հիմնական դիմումատուները Սիրիայի, Աֆղանստանի, Վենեսուելայի, Թուրքիայի և Կոլումբիայի քաղաքացիներ են, նրանց բաժին է ընկել դիմումների 44 տոկոսը: Ամենաշատ հայտերը ներկայացվել են Գերմանիային, Իսպանիային և Ֆրանսիային:

  • Կիսվել: