Եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ն հանդես են եկել Նավալնիին ազատ արձակելու կոչով. ինչպե՞ս է արձագանքել Ռուսաստանը
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը կոչ է արել ՌԴ իշխանություններին ազատ արձակել բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, որին դատարանն այսօր դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Ալեքսեյ Նավալնիի դեմ դատավճիռը կոշտ հարված է Ռուսաստանում օրենքի գերակայության սկզբունքին և իրավունքների պաշտպանության օրենքին՛՛:
Նշվում է նաև, որ միևնույն կոչով են հանդես եկել մի շարք այլ երվրոպական երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս հանդես է եկել նման հայտարարությամբ: ՛՛ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ալեքսեյ Նավալնիի իրական ժամկետով ազատազրկելու մասին որոշման ընդունմամբ և կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել նրան՛՛,-ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Այս հայտարարություններին արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մեկնաբանելով արևմտյան երկրների կոչերը՝ նա հայտարարել է, որ նրանք չպետք է միջամտեն ինքնիշխան պետության գործերին:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Մոսկվայի Սիմոնովյան դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ ՛՛Իվ Ռոշեի՛՛ գործով սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով: