կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Եվրախորհրդի ղեկավարը ողջունել է Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարի հաստատումը

Եվրախորհրդի ղեկավարը ողջունել է Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարի հաստատումը

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է Իսրայելի և Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև հրադադարի հաստատումը:

«Ողջունում եմ Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև կրակը դադարեցնելու վերաբերյալ համաձայնությունը, որը վերջ կդնի 11-օրյա հակամարտությանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Միշելը:
 
Եվրախորհրդի ղեկավարը նշել է, որ այս հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել խաղաղություն հաստատելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:
 
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումը ողջունել են նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: 
 
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մայիսի 20-ի երեկոյան հավանություն էր տվել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ հրադադարի հաստատմանը, որի մասին տեղեկություն էր տարածվել վարչապետ Նեթանյահուի աշխատակազմից: Պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը համաձայնություն է տվել  Կահիրեի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը:
 
Պաղեստինի արտգործնախարարը նախքան հրադադարի ուժի մեջ մտնելը, ի պատասխան Իսրայելի՝ ռազմական գործողությունները միակողմանիորեն դադարեցնելու մասին հաղորդագրությանը, հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հրադադարի մասին հայտարարությունը դրականք քայլ է, բայց ոչ բավարար:
 
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում չպետք է մոռանալ Երուսաղեմի, Ալ-Աքսա մզկիթի մասին, որը, ըստ նախարարի, հարձակումների է ենթարկվել իսրայելական ուժերի կողմից, ինչպես նաև՝ իրենց տներից, մասնավորապես՝ Շեյխ-Ջարրախ թաղամասից պաղեստինցիներին իրենց տներից վտարելու Իսրայելի քաղաքականությունը:
 
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

  • Կիսվել: