Եթե բանակցությունների ընթացքում հակառակ կողմերը ներքաշվում են սադրիչ գործողությունների մեջ, դա կարող է կասկածի տակ դնել նրանց լրջությունը. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Վաշինգտոնի կողմից իր երկրի նկատմամբ վերջին պատժամիջոցները, որոնք սահմանվել են, մինչ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում, տեղեկացնում է Mehr-ը:
Նշվում է, որ նախարարն ասել է, որ պատժամիջոցների սահմանումը բացասական ուղերձ է հղում և կասկածի տակ դնում Վաշինգտոնի լրջությունը բանակցությունների նկատմամբ։
Նախարարների կաբինետի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Արաղչին, մասնավորապես, ասել է. «Եթե բանակցությունների ընթացքում հակառակ կողմերը ներքաշվում են սադրիչ գործողությունների մեջ, ապա դա կարող է կասկածի տակ դնել նրանց լրջությունը»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում տարբեր տեսակետներ կան բանակցությունների առումով։
«Մենք տեղյակ ենք ԱՄՆ-ում ներքին տարաձայնությունների և ակտիվ լոբբիստական ջանքերի մասին: Մենք ուշադիր հետևում ենք այս բոլոր զարգացումներին և համապատասխան որոշումներ կկայացնենք»,-հավելել է նախարարը՝ հիշեցնելով, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մայիսի 3-ին Հռոմում՝ Օմանի միջնորդությամբ։ Մինչ այդ իրանական կողմը հանդիպում կունենա «եվրաեռյակի» երկրների հետ։