Ես մնում եմ նախագահ և շարունակում եմ աշխատել. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց է տվել բրիտանական Rest Is Politics փոդքաստին՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությանը, գրում է aliq.ge-ն:
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Կղավելաշվիլիի երդմնակալությունը իրավական ուժ չունի, ուստի ինքը մնում է նախագահ և շարունակում է աշխատել։
Հարցին, թե ինչ է նախատեսում անել կիրակի օրը, երբ տեղի է ունենալու Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, նախագահը պատասխանել է՝ դա հայտնի կդառնա դեկտեմբերի 29-ին։
«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ դա պարզ կդառնա դեկտեմբերի 29-ին: Կիրակի օրվա մասին ամենակարևորն այն է, որ ինչպես նախագահական ընտրությունները, այնպես էլ երդմնակալությունը իրավական ուժ չունեն՝ ուստի ես մնում եմ նախագահ և շարունակում աշխատել։ Սա այն է, ինչ պետք է իմանան բոլորը», — ասել է նախագահը: