շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԵՄ-ն Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտների վրա հարվածների մորատորիումի կոչ է արել

ԵՄ-ն Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտների վրա հարվածների մորատորիումի կոչ է արել

 Եվրոպական խորհուրդը Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում էներգետիկ օբյեկտների և ջրամատակարարման համակարգերի վրա հարվածների մորատորիումի կոչ է արել։ Այս մասին ասվում է մարտի 19-ին Խորհրդի ընդունած եզրակացություններում, որոնք հրապարակվել են նրա կայքում։

«Եվրոպական խորհուրդը կոչ է անում լարվածության թուլացման և առավելագույն զսպվածության, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության, ինչպես նաև բոլոր կողմերի կողմից միջազգային իրավունքի լիակատար հարգանքի, ներառյալ Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների: Այս առումով, Խորհուրդը կոչ է անում դադարեցնել էներգետիկ և ջրային օբյեկտների դեմ հարվածները: Եվրոպական խորհուրդը ցավում է քաղաքացիական անձանց կյանքի կորստի համար և ուշադիր հետևում է ռազմական գործողությունների հեռահար ազդեցությանը, այդ թվում՝ տնտեսական կայունության վրա», - ասվում է փաստաթղթում:

Եվրոպական խորհուրդը նաև Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման համար՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պայմաններում:

«Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել է շարունակել Խորհրդին տեղեկացնել Եվրամիության վրա վերջին իրադարձությունների հնարավոր ներգործության մասին էներգետիկ անվտանգության և էներգապաշարների գների, մատակարարման շղթաների և միգրացիայի տեսանկյունից, ինչպես նաև առաջարկել անհրաժեշտ միջոցներ», - ասվում է փաստաթղթում:

 

  • Կիսվել: