Էրդողանը բարձր է գնահատել Նազարբաևի գործունեությունը թյուրքական աշխարհի երկրների ինտեգրացիոն գործընթացներն ընդլայնելու հարցում
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի շրջանակում, տեղեկացնում են Նազարբաեւի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ նա իր երախտիքն է հայտնել Էրդողանին՝ միջազգային ֆորումին հրավիրելու համար՝ ընդգծելով ներկայիս համաշխարհային աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում այդ միջոցառման կարեւորությունը:
Թուրքիայի նախագահն իր հերթին ընդգծել է Նազարբաեւի կարեւոր ներդրումը թուրք-ղազախական հարաբերությունների զարգացման եւ կայացման գործում: Նա նաեւ բարձր է գնահատել Ղազախստանի առաջին նախագահի գործունեությունը թյուրքական աշխարհի երկրների ինտեգրացիոն գործընթացներն ընդլայնելու եւ խորացնելու հարցում:
Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաեւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: