հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ԵՄ-ն դատապարտել է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների հավատարմագրումը չեղարկելը

ԵՄ-ն դատապարտել է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների հավատարմագրումը չեղարկելը

Եվրամիությունը կոչ է արել Իրանին վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մի քանի տեսուչների հավատարմագրումը չեղարկելու որոշումը, հայտնում է AFP-ն։

Բրյուսելը, որը համակարգում է Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, «ծայրահեղ մտահոգություն» է հայտնել Իրանի որոշման կապակցությամբ: «Հատկապես մտահոգիչ է այն ուղղակի և էական ազդեցությունը, որ այս որոշումը կունենա գործակալության՝ իր ստուգիչ գործողություններն իրականացնելու կարողության վրա, որը ներառում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾ) իրականացման մոնիտորինգը», - ասել է ԵՄ պաշտոնյան:

Իր հերթին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տեսուչների հետկանչը պատասխան է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի «քաղաքական չարաշահումների»։ Ընդհանուր առմամբ, ԶԼՄ-ների տվյալներով, Ֆրանսիայից և Գերմանիայից ութ տեսուչ զրկվել է հավատարմագրումից։

Նախօրեին Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել էր, որ չեղյալ է հայտարարում երկրում գործող գործակալության մի քանի տեսուչների հավատարմագրումը։ Փորձագետները, որոնց հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, ստուգումներ էին անցկացնում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) երաշխիքների համաձայնագրով։ ՄԱԳԱՏԷ-ն ընդգծել է, որ հետ կանչված բոլոր աշխատակիցները գործակալության փորձառու փորձագետներ են՝ «հարստացման տեխնոլոգիաների ոլորտում եզակի գիտելիքներով»։

«Այսօրվա որոշմամբ Իրանը փաստացի հեռացրեց գործակալության ամենափորձառու տեսուչների հիմնական խմբի մոտ մեկ երրորդը, որոնք նշանակված էին Իրանում», - ասել է ՄԱԳԱՏԷ-ն՝ ընդգծելով, որ թեև այդ քայլը պաշտոնապես թույլատրված էր NPT-ի երաշխիքների համաձայնագրով, Իրանն այնպես արեց, որ դա «ուղղակի   և լրջորեն ազդեց  Իրանում իր ստուգումները արդյունավետ իրականացնելու ՄԱԳԱՏԷ-ի կարողության վրա»:

  • Կիսվել: