հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եգիպտոսի նախագահը բարձր է գնահատում Եթովպիայի հետ Նեղոսի ջրերի օգտագործման շուրջ վեճը լուծելու վերաբերյալ Թրամփի առաջարկը

Եգիպտոսի նախագահը բարձր է գնահատում Եթովպիայի հետ Նեղոսի ջրերի օգտագործման շուրջ վեճը լուծելու վերաբերյալ Թրամփի առաջարկը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ հանդես գալ որպես միջնորդ Նեղոսի ջրային ռեսուրսների շուրջ Եգիպտոսի և Եթովպիայի միջև ծագած վեճում: Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում, տեղեկացնում է Reuters-ը:

Մասնավորապես՝ Ալ-Սիսին գրել է, որ պատասխանել է Թրամփի նամակին՝ վերահաստատելով Եգիպտոսի դիրքորոշումը և մտահոգություն հայտնելով երկրի ջրային անվտանգության վերաբերյալ՝ կապված Եթովպիայում «Վերածնունդ» ամբարտակի շինարարության հետ:

Աղբյուրը հիշեցնում է, որ ուրբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի միջնորդությունը «Վերածնունդ» ամբարտակի շուրջ Եգիպտոսի և Եթովպիայի միջև ծագած վեճի կարգավորման հարցում, որը և՛ Եգիպտոսը, և՛ Սուդանը լուրջ սպառնալիք են համարում կենսական նշանակություն ունեցող ջրի աղբյուրների համար: Եգիպտոսը վաղուց է հանդես գալիս այս նախագծի դեմ՝ մտավախություն ունենալով Նեղոսի ջրերի ապագա մատակարարումների համար, որոնցից երկիրը խիստ կախվածության մեջ է:

Հաղորդվում է նաև, որ Սուդանը գետի ստորին հոսանքում գտնվող ևս մեկ երկիր է, որը մտահոգություն է հայտնել ջրի սեփական աղբյուրների և ամբարտակների կարգավորման ու անվտանգության վերաբերյալ: Եթովպիան՝ մայրցամաքի երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը (ավելի քան 120 միլիոն մարդ), Նեղոսի վտակի վրա 5 միլիարդ դոլար արժողությամբ ամբարտակի շինարարությունը համարում է իր տնտեսական հավակնությունների իրականացման առանցքային տարրը: Եթովպիան բազմիցս մերժել է Եգիպտոսի հավակնությունները:

  • Կիսվել: