Եգիպտոսի ափերի մոտ զբոսաշրջային նավ է հրդեհվել. կան անհետ կորածներ (տեսանյութեր)
Երեք բրիտանացի զբոսաշրջիկ է անհետ կորել, 12-ը փրկվել են կիրակի օրը եգիպտական Կարմիր ծովում նավի վրա բռնկված հրդեհից հետո, գրում է Reuters-ը։
Ըստ Կարմիր ծովի նահանգապետարանի՝ ողջ մնացածների ինքնազգացողությունը լավ է, նրանք տեղափոխվել են Մարսա Ալամ քաղաքից ոչ հեռու։
Կազմավորվել է որոնողական խումբ մյուս երեք բրիտանացի զբոսաշրջիկներին գտնելու համար:
Նավի նախնական զննումից հետո Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ հրդեհը բռնվել է մեքենայական հատվածում կարճ միացման պատճառով:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կապի մեջ է Եգիպտոսի իշխանությունների հետ եւ «աջակցում է միջադեպին առնչություն ունեցող Բրիտանիայի քաղաքացիներին»:
Եգիպտոսում մահվան ելքով դժբախտ պատահարները խիստ հազվադեպ են: 2021 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մոտակայքում գտնվող լճում նավի շրջվելու հետեւանքով զոհվել էր առնվազն հինգ մարդ, այդ թվում երեք երեխա:
1991-ին Սաուդյան Արաբիայից Եգիպտոս նավարկող եգիպտական «Սալեմ Էքսպրես» լաստանավի խորտակման հետեւանքով մահացել էր 471 մարդ՝ հիմնականում մահմեդական ուխտավորներ: