ԵԱՏՄ-ի օրակարգում միասնական արժույթի ստեղծման հարց չկա. Օվերչուկ
ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցի ժամանակ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը ադրադառնալով ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտիների հարցին՝ հայտարարել է, որ հիմա ԵԱՏՄ-ն շատ մոտ է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, այն կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ընդհանուր շուկաների, միասնական մաքսային տարածքի առկայության դեպքում ազատ առևտրի գոտիների վերաբերյալ բոլոր բանակցությունները ցանկացած երկրի հետ վարում է ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը, այլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
«Բանակցությունների ժամանակ հաշվի են առնում տարբեր շահեր: Մեր դեպքում ներգրավված են ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ երկրների, նրանց բիզնեսի ու սպառողների շահերը։ Ինչպես ընդունված է ԵԱՏՄ-ում, ամեն ինչ որոշվում է հինգ երկրի կոնսենսուսի հիման վրա»,- ասել է Օվերչուկը:
Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ ԵԱՏՄ-ում կան մի շարք համաձայնագրեր, որոնց շուրջ բանակցություններ են վարվում: Դա Եգիպտոսն է, Հնդկաստանը, Ինդոնեզիան և ԱՄԷ-ն:
Լրագրողի հարցին, թե արդյոք ճի՞շտ են տարբեր աղբյուրներում հայտնված տեղեկությունները, որ աշխատանք է տարվում ԵԱՏՄ միասնական արժույթի ստեղծման ուղղությամբ, Օվերչուկը նշել է՝ նման հարց երբեք օրակարգում չի եղել։