Ձերբակալվել է Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է, տեղեկացնում է CNN-ը:
Նշվում է, որ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթթենի քրեական դատարանի շենքի մոտ:
Թրամփը, խոսելով դատական գործընթացի մասին, հայտարարել է, թե «չի հավատում, որ այս ամենը տեղի է ունենում Ամերիկայում»:
Մարտի 30-ին Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը քվեարկել է Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին՝ մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղ Սթորմի Դենիելսին գումար վճարելիս Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով:
Դատախազների պնդմամբ՝ Դենիելսը ստացել է առնվազն 130 հազար դոլար, որն իրականում նախատեսված էր Թրամփի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար: Սա համարվում է քրեական հանցագործություն, որի համար Նյու Յորքի օրենսդրությամբ սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։
Թրամփը հայտարարում է իր անմեղության և նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից քաղաքական հետապնդման մասին:
Հիշեցնենք, որ նա համարվում է 2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու գլխավոր հավակնորդը: ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ նրան մեղադրանքի առաջադրումը չի խանգարում մասնակցությանն ընտրություններին։