շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դոնբասի համար պայքարը սկսվել է, ռուս գեներալները զգուշավոր են գործում. Զելենսկի

Դոնբասի համար պայքարը սկսվել է, ռուս գեներալները զգուշավոր են գործում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս գեներալներն իրենց զինվորներից շատ են սպանել, ուստի նրանք ավելի զգույշ են գործում՝ նոր հարձակման ժամանակ։ Այս մասին Զելենսկին ասել է իր տեսաուղերձում, փոխանցում է Украинская правда-ն:

«Մեր երկրի արևելքում և հարավում վերջին շրջանում ռուս զավթիչները փորձում են հարձակվել մի փոքր ավելի կազմակերպված՝ քան նախկինում: Նրանք թույլ տեղ են փնտրում մեր զինվորների պաշտպանության գոտում, որպեսզի հիմնական ուժերը այնտեղ կենտրոնացնեն և հեշտությամբ ճեղքեն պաշտպանությունը: Ըստ երևույթին, ռուս գեներալները, որոնք սովոր են իրենց կորուստները չհաշվել, արդեն այնքան շատ ռուս զինվորական են կորցրել, որ նույնիսկ հարձակվելու համար մարդ չի մնացել։ Այնուամենայնիվ, թող հույս չունենան, որ կազմակերպված գործելն իրենց կօգնի։ Միայն ժամանակի հարց է, թե երբ կազատագրվի մեր պետության ողջ տարածքը»,- ասել է նա:

Զելենսկին հայտարարել է նաև, որ ռուսական զորքերը սկսել են Դոնբասի համար ճակատամարտը, որին իրենք վաղուց էին նախապատրաստվում: Նրա խոսքով՝ ռուսական ամբողջ բանակի զգալի մասը այժմ կենտրոնացած է այս հարձակման համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: