ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դանիայի ԱԳ նախարարը Ղուրանն անարգելու թեմայով հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ

Դանիայի ԱԳ նախարարը Ղուրանն անարգելու թեմայով հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ

Իր դանիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ԻԻՀ ԱԳ նախարարը դատապարտել է սուրբ Ղուրանի նկատմամբ անարգանքը: Նա նշել է. «Խոսքի ազատությունն այն կատեգորիան չէ, որտեղ հարձակման ենթարկվեն կրոնական արժեքները», գրում է parstoday.ir-ը:

Դանիայում իսլամական սրբությունների շարունակական անարգանքից հետո Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

Աբդոլլահյանը կարևորել է այս քայլը դատապարտելու Դանիայի նախաձեռնությունը և Կոպենհագենի կառավարության դիրքորոշումը և ընդգծել հանցագործներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Դանիայի ԱԳ նախարարը նշել է. «Դանիայի կառավարությունը դատապարտում է կրոնական սրբություններին ուղղված ցանկացած վիրավորանք և խոսքի ազատության չարաշահում»։

Նա հավելել է. «Թեև Դանիայի Սահմանադրության հիմնական հենասյունը խոսքի, կրոնի և խաղաղ բողոքի ազատությունն է, ոմանք չարաշահում են այն։ Մենք սա անընդունելի ենք համարում, և այս մի քանի հոգին չպետք է համարել Դանիայի ժողովրդի ներկայացուցիչ»։

 

  • Կիսվել: