Դա ահաբեկչություն էր. Շոլցը՝ «Հյուսիսային հոսք» գազատարների վրա հարձակման մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցանկանում է, որ Գերմանիայում «Հյուսիսային հոսք» գազատարների վրա հարձակման մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, տեղեկացնում է dpa-ն։
«Սա ահաբեկչություն էր: Մենք կոչ ենք անում անվտանգության մարմիններին և Դաշնային դատախազությանը հետաքննություն անցկացնել՝ առանց որևէ մեկի հետ հաշվի նստելու։ Սա հենց այն է, ինչ արվում է։ Ոչինչ չի թաքցվում, դա պետք է պարզ լինի։ Եվ մենք ուզում ենք՝ նրանք, ովքեր դա արել են, և եթե մեզ հաջողվի բռնել նրանց, դատարանի առաջ կանգնեն Գերմանիայում։ Կարող եք հույս դնել սրա վրա, և մենք նրանց չենք խնայի»,-ասել է նա Բրանդենբուրգում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման երկու «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերում: Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի հնարավորությունը։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտնել է, որ գազատարների վրա արտակարգ իրավիճակն աննախադեպ է, և վերանորոգման ժամկետն անհնար է գնահատել:
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության փաստով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 31-ին հայտնել է, որ «Գազպրոմին» թույլ են տվել ստուգել պայթյունի վայրը, իսկ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը զեկուցել է ստուգման մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գազատարի վրա պայթյունն ակնհայտ ահաբեկչություն է եղել։