շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չինաստանը, Իրանը և մի շարք այլ երկրներ ներկա կլինեն ՀԱՊԿ զորավարժություններին

Չինաստանը, Իրանը և մի շարք այլ երկրներ ներկա կլինեն ՀԱՊԿ զորավարժություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը «Մարտական եղբայրություն-2023» առաջիկա զորավարժություններին դիտորդի կարգավիճակով հրավիրել է մի շարք պետությունների ներկայացուցիչների: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ զորավարժություններին ներկա կլինեն դիտորդներ Չինաստանից, Իրանից, Սաուդյան Արաբիայից և Մոնղոլիայից:

Սիդորովը չի բացահայտել զորավարժությունների ծրագիրը, սակայն ընդգծել է, որ էական ուշադրություն է դարձվելու ավիացիոն բաղադրիչին և, մասնավորապես, մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: Խաղարկվելու են նաև պայմանական հակառակորդի կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման սցենարները:

Սեպտեմբերի 1-6-ը Բելառուսի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունը։ Դրա շրջանակում նախատեսվում է համատեղ և հատուկ զորավարժությունների անցկացում։ Մասնավորապես, «Փոխգործակցություն-2023» զորավարժության ընթացքում կմշակվեն Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառումը ՀԱՊԿ արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար:
 
Հետախուզության ստորաբաժանումները կգործարկվեն «Որոնում-2023» զորավարժության շրջանակում, «էշելոն-2023» զորավարժության ընթացքում կմշակվեն ուժերի և նյութատեխնիկական ապահովման միջոցների գործողությունները:
 
«Արգելապատնեշ-2023» հատուկ վարժանքի ընթացքում կստեղծվի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ ձևավորում:
Հավելենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանը չի մասնակցելու զորավարժություններին։

  • Կիսվել: