ՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածում հումանիտար միջանցքների ստեղծման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտնել է հումանիտար միջանցքների ստեղծման մասին և հաստատել, որ պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն է նետվել շրջափակման մեջ գտնվող տարածք՝ օդից, պարաշյուտներով: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ 10-ժամյա հումանիտար դադարները կգործեն Գազայի գոտու խիտ բնակեցված շրջաններում։
ՑԱԽԱԼ-ը պարզաբանել է, որ «տեղային տակտիկական դադարները» կգործեն «ամեն օր՝ մինչև նոր ծանուցում» այն վայրերում, որտեղ իսրայելական ցամաքային գործողություններ չեն իրականացվում՝ ներառյալ Ալ-Մավասի, Դեյր էլ Բալահ և Գազա քաղաքը։
Իսրայելի զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ այս միջոցառումը իրականացվում է «քաղաքական ղեկավարության հրահանգներով և ՑԱԽԱԼ-ի շարունակական ջանքերի շրջանակում՝ մեծացնելու դեպի Գազայի գոտի մատակարարվող հումանիտար օգնության ծավալները»։ Բացի այդ, Իսրայելը հայտարարել է նաև ՄԱԿ-ի և այլ մարդասիրական կազմակերպությունների շարասյուների համար ապահով միջանցքների ստեղծման մասին՝ սնունդ և դեղորայք բաշխելու նպատակով։
Շաբաթ առավոտյան մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները շարժվել են Գազայի ուղղությամբ՝ Եգիպտոսից։ Ռաֆահի անցակետի փակվելուց հետո բեռնատարները կանցնեն Իսրայելի տարածքով՝ ստուգման համար, նախքան Գազա մուտք գործելը։ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ողջունել է հումանիտար դադարների սահմանումը՝ «քաղաքացիական բնակչությանը փրկելու» նպատակով։


