ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բուլղարիայում, Թուրքիայում և Հունաստանում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ

Բուլղարիայում, Թուրքիայում և Հունաստանում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ

Ըստ վերջին տեղեկությունների՝ Բուլղարիայում, Թուրքիայում և Հունաստանում յոթ մարդ տեղատարափ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել, չորեքշաբթի հաղորդում է Associated Press-ը:

Թուրքիայում երկու հանգստացողներ մահացել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող վրանային ճամբարում, ևս չորսին որոնում են։

Ստամբուլի փողոցները վերածվել են գետերի, հեղեղվել են տները, զոհվել է առնվազն երկու մարդ, մետրոյի որոշ կայարաններ փակվել են: Քաղաքի Բաշաքշեհիր թաղամասում տասնյակ մարդիկ արգելափակված են մնացել տեղի գրադարանում: Daily Sabah պարբերականի տվյալներով՝ բոլորին անվտանգ դուրս են բերել շենքից։

Հունաստանում, ըստ Associated Press-ի, հորդառատ անձրևի պատճառով արգելափակվել է տրանսպորտը Վոլոս նավահանգստային քաղաքում, Պիլիոնի լեռնային շրջանում և Սկիաթոս կղզում: Հայտնի է մահվան մեկ դեպք, ևս հինգ մարդ համարվում է անհետ կորած: Մինչև մեկ մետր բարձրության ջրի հոսքերը քշել են իրենց ճանապարհին եղած ամեն ինչ, ներառյալ մեքենաները:

Հորդառատ անձրևից առաջացած ջրհեղեղներից տուժել են նաև Բուլղարիայի ծովափնյա բնակավայրերը: Ըստ վերջին տվյալի՝ զոհվել է երկու մարդ, ևս երեքը համարվում են անհետ կորած: Ուժեղ քամու պատճառով երկմետրանոց ալիքները հարվածել են զբոսաշրջային լողափերին, ջրի հոսքերը ծով են քշել մեքենաներ ու ավտոֆուրգոններ։

Իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակ և կոչ են արել մարդկանց բարձրանալ վերևի հարկեր, քանի որ որոշ հյուրանոցների առաջին հարկերը հայտնվել են ջրի տակ:

  • Կիսվել: