ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բոբ Մենենդեսը հավանություն է տվել F-35-երի մատակարարմանը Հունաստանին

Բոբ Մենենդեսը հավանություն է տվել F-35-երի մատակարարմանը Հունաստանին

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հավանություն է տվել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների էսկադրիլիա գնելու Հունաստանի խնդրանքին։

Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «Ես ուրախ եմ, որ երկու օր առաջ հավանություն տվեցի Հունաստանի Հանրապետությանը F-35-ի (խմբ.՝ վաճառքին), և ես դա չարեցի այն պատճառով, որ պարզապես հույն ժողովրդի երկրպագուն եմ:

Ես դա արեցի, քանի որ դա մի երկիր է, որը կիսում է մեր արժեքները, որը համաձայն է մեզ հետ այն հարցում, թե ինչն է կարևոր աշխարհում՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, դա երկիր Է, որը ռազմատենչորեն տրամադրված չԷ իր հարևանների նկատմամբ, այլ՝ հակառակը»,- Վաշինգտոնում Դելֆյան տնտեսական համաժողովում ​​ասել է Մենենդեսը՝ ներկա գտնվողների ծափահարությունների ներքո:

«Երբ երկիրը կիսում է մեր արժեքները և կա ռազմավարական շահ, ես առանց որևէ խնդրի կստորագրեմ որպես արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, որի իրավասության մեջ մտնում Է զենքի վաճառքը: Բայց երբ երկիրը հակառակն է ցույց տալիս, ապա՝ այո՛, ինձ մոտ խնդիրներ են առաջանում», - ասել է Մենենդեսը։ Հունաստանը 2022 թ. հունիսի վերջին պաշտոնական խնդրագիր Է ուղարկել ԱՄՆ-ին հինգերորդ սերնդի F-35 կործանիչների էսկադրիլիա գնելու վերաբերյալ։

Աթենքը մտադիր է ձեռք բերել 20 F-35 ինքնաթիռ, իսկ հետագայում՝ ևս 20-ը: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլայոս Պանայոտոպուլոսը հունվարի 27-ին խորհրդարանական նիստի ժամանակ ասել էր, որ F-35-ի հարցով խնդրագրին ԱՄՆ-ի պատասխանն սպասվում է երկու-երեք ամսից։ Միաժամանակ Հունաստանը փորձում է խոչընդոտել Թուրքիային F-16 Block 70 կործանիչների վաճառքը, ինչը դարձել է պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել Է շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Թուրքիան պլանավորում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ևս 80-ը:

Սենատոր Մենենդեսը, որպես Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, իրավունք ունի վետո դնել ամերիկյան սպառազինությունների համակարգերի վաճառքի վրա։ Մենենդեսը 2022 թ. հուլիսին Աթենքի AMHA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում թվարկել Էր այն պայմանները, որոնց դեպքում նա կարող էր հետ կանչել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու իր առարկությունները:

Դրանց թվում են Անկարայի հրաժարումը ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերից և Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից, հունական կղզիների վրայով թռիչքների դադարեցումը, մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ լրագրողների և փաստաբանների ազատազրկման դադարեցումը։

  • Կիսվել: